ParzTech
Բոլոր հոդվածներըՍԻ

3 օր, 3 նոր մոդել. ինչ է փոխվում ՍԻ-ում

Երեք ընկերություն երեք օրում հայտարարեց նոր մոդելների մասին։ Ինչով են դրանք առանձնանում, ինչ ընդհանուր բան ունեն և ինչ է սա նշանակում ձեզ համար։

ԹՄ

Թամարա Մարտիրոսյան

3 րոպե

Անցած շաբաթ երեք խոշոր ընկերություն երեք օրվա ընթացքում հայտարարեցին նոր մոդելների մասին։ Սեպտեմբերի 28-ին Anthropic-ը ներկայացրեց Claude Sonnet 5.5-ը, սեպտեմբերի 29-ին OpenAI-ը՝ GPT-6.1 Sol-ը, իսկ սեպտեմբերի 30-ին Google-ը՝ Gemini 4 Argon-ը։

Հիմա հերթով պատմեմ՝ ինչով է առանձնանում ամեն մեկը և ինչ ընդհանուր բան ունեն երեքը։

Claude Sonnet 5.5 (Anthropic)

Anthropic-ն ունի ավելի հզոր մոդել՝ Claude Opus 5.5-ը։ Sonnet 5.5-ը Opus 5.5-ի ավելի արագ ու էժան այլընտրանքն է։ Opus-ը նախատեսված է բարդ աշխատանքի համար, իսկ Sonnet-ը՝ ամենօրյա, հստակ սահմանված խնդիրների համար։ Ընկերության տվյալներով՝ այն 30%-ից ավելի արագ է աշխատում, քան նախորդ Sonnet 5-ը։ Գները նույնն են, ինչ Sonnet 5-ինը, բայց նոր մոդելը նույն գործի համար ավելի քիչ տեքստ է մշակում, ուստի ընկերության փորձարկումներում մեկ առաջադրանքի արժեքը նվազել է մինչև 30%-ով։ Մոդելն արդեն հասանելի է Claude-ի հավելվածներում։

GPT-6.1 Sol (OpenAI)

OpenAI-ը նոր մոդելը ներկայացրեց ծրագրավորողների համար անցկացվող իր DevDay կոնֆերանսում։ Ընկերության խոսքով՝ կոդ գրելու, համակարգչի հետ աշխատելու և բարդ աշխատանքային խնդիրներ լուծելու հարցում այն գրեթե նույն մակարդակին է, ինչ OpenAI-ի ավելի հզոր GPT-6 Astra մոդելը։ Սակայն API-ում դրա գինը հինգ անգամ ցածր է։ OpenAI-ը նշել է նաև, որ դժվար հարցերին պատասխանելիս նոր մոդելն ավելի քիչ է սխալվում փաստերում, քան GPT-6 Sol-ը։

Բայց այն դեռ հասանելի չէ սովորական ChatGPT չաթում։ Առայժմ այն հասանելի է վճարովի պլանների օգտատերերին՝ ChatGPT Work-ում և Codex-ում (սա OpenAI-ի ծրագրավորման գործիքն է), ինչպես նաև ծրագրավորողներին՝ API-ով։

Gemini 4 Argon (Google)

Google-ի նոր գլխավոր մոդելը նախատեսված է բարդ ծրագրավորման, իրավաբանական և ֆինանսական աշխատանքների, ինչպես նաև կիբեռպաշտպանության համար։ Google-ը առանձնացնում է պատասխանի երկարությունը՝ մոդելը մեկ անգամից կարող է գրել մինչև 1 միլիոն թոքեն, մինչդեռ նախկինում սահմանը 64 հազար էր։ Թոքենը տեքստի փոքր կտոր է, մոտավորապես մեկ բառ կամ բառի մի մաս։ Պարզ ասած՝ Argon-ը կարող է մեկ անգամից գրել շատ ավելի երկար փաստաթղթեր և կոդ։

Բայց սովորական օգտատերերը դեռ չեն կարող օգտվել դրանից։ Առայժմ Argon-ը հասանելի է Google-ի աշխատակիցներին և ընտրված խմբին՝ կիբեռպաշտպանության վստահելի մասնագետներին (Fairwind ծրագրի շրջանակում) ու փորձարկողներին։ Google-ը նշել է, որ մինչև բոլորի համար բացելը կշարունակի ուժեղացնել մոդելի պաշտպանությունը։

Ի՞նչ ընդհանուր բան ունեն երեքը

Եթե ուշադիր նայենք, երեք ընկերություններն էլ գնում են նույն ճանապարհով։

Առաջին՝ շեշտը դրվում է աշխատանքի վրա։ Երեք մոդելների մասին էլ ընկերությունները խոսում են առաջին հերթին որպես օգնականների, որոնք կարող են ինքնուրույն կատարել բարդ, մի քանի քայլից բաղկացած գործեր՝ գրել կոդ, աշխատել փաստաթղթերի հետ, օգտվել համակարգչից։ Նման ՍԻ-ն կոչվում է ագենտ։ Այն ոչ միայն պատասխանում է, այլ նաև ինքն է անում գործը։

Երկրորդ՝ ավելի էժան։ Anthropic-ը և OpenAI-ը խոսում են ոչ միայն այն մասին, թե որքան խելացի են իրենց նոր մոդելները, այլ նաև այն մասին, թե որքան ավելի քիչ են դրանք արժենում։ Այս երկու ընկերության համար գինն այսօր նույնքան կարևոր է, որքան հզորությունը։

Երրորդ՝ զգուշություն։ Սեպտեմբերի 28-ին, Sonnet 5.5-ի հայտարարման օրը, OpenAI-ը հաստատեց, որ անվտանգության պատճառով չի թողարկի GPT-6 Astra-ի նոր տարբերակը՝ GPT-6.1 Astra-ն։ Google-ը նույնպես իր նոր գլխավոր մոդելը սկզբում հասանելի է դարձրել միայն ընտրված խմբին։ Anthropic-ն էլ Sonnet 5.5-ը թողարկել է կիբեռանվտանգության պաշտպանություններով։ Կիբեռանվտանգության առումով առավել վտանգավոր առաջադրանքները նոր մոդելը չի կատարում, դրանք անցնում են նախորդ՝ Sonnet 5-ին (օգտատերը դա տեսնում է)։ Իմ կարծիքով սա ցույց է տալիս, որ գոնե ամենահզոր մոդելների դեպքում ընկերություններն այսօր ավելի զգույշ են, քան մի քանի տարի առաջ, երբ գլխավոր նպատակն առաջինը լինելն էր։

Ի՞նչ է սա փոխում ձեզ համար

Եթե ChatGPT-ն, Gemini-ն կամ Claude-ը օգտագործում եք ամենօրյա հարցերի համար, մեծ տարբերություն միանգամից հավանաբար չեք զգա։ Նոր մոդելների ուժը հիմնականում երևում է բարդ և երկար աշխատանքներում, իսկ դրանցից մի քանիսը դեռ հասանելի են միայն վճարովի պլանների օգտատերերին, ծրագրավորողներին կամ ընտրված մասնագետներին։

Բայց ուղղությունը պարզ է՝ ՍԻ-ն հարցերին պատասխանող գործիքից արագորեն վերածվում է գործ անող օգնականի և միաժամանակ դառնում է ավելի էժան։ Եվ հենց դրա համար էլ կարևոր է հասկանալ, թե ինչ ենք նրան վստահում։

Աղբյուրներ

Ինչպե՞ս էր հոդվածը

Եղիր առաջինը, ով կարձագանքի

Հավանեցի՞ր հոդվածը

Կիսվիր ընկերներիդ հետ

ՍԻAIClaudeChatGPTGeminiSI